Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի մաս կազմող «Քաղված դասեր» աշխատաժողովների շարքի շրջանակում, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր երկօրյա համաժողով:

Համաժողովին մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ աշխատակազմը, հանրապետության տարածքում գործող 38 տարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, ինչպես նաև ընտրողների ռեգիստրը վարող և ընտրողների ցուցակը կազմող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները քննարկել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպչական առանձնահատկությունները և ներկայացրել իրենց գործնական դիտարկումները՝ ընտրական գործընթացների հետագա բարելավման վերաբերյալ: Համաժողովին քննարկվել են նաև ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովների միջև հաղորդակցման արդյունավետության բարձրացմանն ուղղված դիրքորոշումներ ու առաջարկություններ, ինչպես նաև ընտրական գործընթացում կանանց մասնակցությանն առնչվող հիմնախնդիրներ: ՀԸԳԱ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։