Հանդիպում Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նորանշանակ նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրիի հետ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հանդիպել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նորանշանակ նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրիի, IFES Կովկասի և Կնտրոնական Ասիայի ծրագրերի ավագ ղեկավար էնթոնի Բոյերի, IFES հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոյի և IFES հայաստանյան գրասենյակի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային մասնագիտացված կազմակերպությունների դերն ընտրական գործընթացներում և ներկայացրել IFES հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրած աշխատանքները: ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է ընտրողների իրազեկման նպատակով թողարկված տպագիր և այլ նյութերը, ընտրական հանձնաժողովների կարողությունների ամրապնդմանը միտված միջոցառումները և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացները: Պարոն Էնթոնի Բանբըրին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել կարճ ժամանակահատվածում ԿԸՀ կողմից իրականացրած ընտրությունների նախապատրասատական աշխատանքների արդյունավետությունը: Կարևորելով երկու կողմերի միջև հաստատված համագործակցությունը՝ IFES նախագահը հույս է հայտնել, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի: Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության նոր ծրագրերի շուրջ: