ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ապահովման բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ Եվգենի Կոզյակին և Օլեգ Կուլեբային: Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Եվգենի Սլոբոդայի խնդրանքով Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` հանձնաժողովի կողմից իրականացվող հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմման ու վարման սկզբունքներին, հանրաքվեի հանձնաժողովների անդամների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև հանրաքվեի քարոզարշավին առնչվող հարցեր: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է դիտորդական առաքելության նպատակներն ու աշխատանքի կազմակերպման սկզբունքները: Եվգենի Սլոբոդան նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր գործունեությունն իրականացնելու է` պահպանելով քաղաքական չեզոքության, անկողմնակալության և տվյալ երկրի օրենքները հարգելու սկզբունքները: ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացվող ընտրական գործընթացներին առնչվող զեկույցների դերն ընտրական օրենսդրության հետագա բարելավման գործում: