ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում էր: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը միտված է աջակցել երկու Հանրապետություններում ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների ու ազատությունների լայնորեն ընդունված ժողովրդավարական նորմերի հաստատմանը, խորացնել ընտրական օրենսդրությունների ոլորտում երկկողմ գործակցությունը, ինչպես նաև ընտրական գործընթացներում ներդնել արդի տեխնոլոգիաները: Դեկտեմբերի 17-ին հայաստանյան պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը ողջունել է ԼՂՀ և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և հույս հայտնել, որ կողմերի հետևողական աշխատանքների շնորհիվ հուշագրում նշված կետերը կունենան գործնական բնույթ` նպաստելով երկու Հանրապետությունների միջև սերտ կապերի զարգացմանը և հանձնաժողովների առավել խոր գործակցությանը: